«Գրողուցավի» մասին

«Գրողուցավ» բլոգը

2011 թվականի դեկտեմբերին գրողներ Համբարձում Համբարձումյանը եւ Արփի Ոսկանյանը ստեղծեցին «Գրողուցավ» բլոգը՝ փորձելով համախմբել  ընդդիմադիր, քաղաքական պայքարի մեջ ներգրավված եւ քաղաքական ու սոցիաական խնդիրները գրականություն բերելուց չխորշող գրողներին մեկ հարթակում։ Պետք է ասել, որ նրանց թիվն այնքան էլ մեծ չէր, քանի որ գրական պրոցեսում հիմնական դերակատարումը ստանձնած գրողները խորհրդային ժամանակների (հատկապես ութսունականների երկրորդ կեսի) իներցիայով հակադրվում էին Խորհրդային Միության պաշտոնական արվեստի՝ սոցռեալիզմի սկզբունքներին, մերժում էին գրականության քաղաքականացումը, ինչպես նաեւ գրողի ու արվեստագետի ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Այս դիրքորոշումը լավագույնս արտահայտում է «Նվագախմբի տղաները» ֆիլմից դուրս պրծած ու թեւավոր խոսքի կարգավիճակ ստացած «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» արտահայտությունը։ Սոցռեալիստական հիշողությունների թարմության եւ սոցռեալիզմը դեռեւս պատմականորեն գնահատելու անընդունակության պատճառով չխրախուսվող թեմաների շարքում էին նաեւ սոցիալական խնդիրները։ Հավերժությանը կամ առնվազն ապագային չմիտված, օրվա՝ հրատապ խնդիրները գրականություն բերող եւ ժամանակը վավերագրող տեքստերը համարվում էին ցածրարժեք արդեն իսկ թեմայի բերումով։ «Գրողուցավը» նպատակ դրեց փոխել այդ կարծրատիպը, իրականությունից սնվող, իրականության հանդեպ պատասխանատվություն զգացող գրականությանը վերադարձնելով կյանքի իրավունքը։  «Գրողուցավի»՝ 2011 թվականին գրված մանիֆեստում արտահայտված են հիմնական մեկնարկային ուղենիշերը։

Մանիֆեստ (2011)

Մեր պատմության նորագույն շրջանի ամենաարյունոտ դրվագներում, երբ մարդիկ սպանվում ու խոշտանգվում էին փողոցներում և բանտերում, մեր «ականավոր» արվեստագետների ու գրողների մի մասը բացահայտորեն սատարում էր բռնությունը, մյուսները այն հարցին, թե որտեղ էին այդ ժամանակ և ինչով էին զբաղված, պատասխանում էին, որ իրենք բանաստեղծություն կամ երաժշտություն էին գրում և այդպիսով փորձում էին «ալիբի» ապահովել իրենց համար:
Արվեստագետների և գրողների շրջանում լայնորեն տարածված պատկերացում կա, որ գրականությունը չպիտի քաղաքականացված լինի և գրողը չպիտի խառնվի «քաղաքական կեղտոտ խաղերին»:
Միևնույն ժամանակ այդ գրողների մի զգալի մասը քաղաքական պաշտոններ ունեն և բացահայտ կամ թաքնված քաղաքական գործունեություն են ծավալում Իշխանության ներսում: Այդպիսվ «խուլուհամր» գրողների և գրականության ահռելի քանակություն կա, որն իրականում զբաղված է Իշխանությանը ծառայելով և նրա դիրքերը ամրապնդելով:
«Գրականությունը և արվեստը չքաղաքականացնելու» կարծրատիպը այնքան խոր արմատներ է գցել մեր գրական դաշտում, որ նույնիսկ գործող վարչախմբին ընդդիմացող գրողների մի մասը չի կարողանում հաղթահարել այն: Իրականում գրականությունը «քաղաքականությունից հեռու պահելու» քաղաքականությունը Իշխանության պարտադրանքն ու թելադրանքն է:
Մենք ժխտում ենք այդ պատկերացումը և համարում ենք, որ գրականությունը չի կարող լինել «ալիբի», որ գրականությունը ոչ միայն պարտավոր է վկայել և ցուցմունք տալ իր ժամանակի մասին, այլև պատասխանատվություն է կրում իրականության ստեղծման համար:
Գրողուցավ, Երևան, 2011 թ.

«Գրողուցավ» կայքը

2012 թվականին ստեղծվեց «Գրողուցավ» կայքը «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ, որը դարձրեց «Գրողուցավը» առավել ներկայանալի, իսկ հիմնադրամի միջոցներով հայտարարված մրցույթը թույլ տվեց թափ հաղորդել գրական նոր շարժմանը։ Քաղաքական արվեստի եւ հրատապ գրականության գործերով աչքի ընկած գրողներին, նկարիչներին, արվեստագետների խմբերին խրախուսելու նպատակով հիմնադրվեց ամենամյա «Գայանե Բաբայան» մրցանակը, որով պարգեւատրվեցին «Արտլաբ» խումբը (2014), Նարինե Կռոյանը (2015)։

Ստեղծման առաջին իսկ օրից «Գրողուցավը» հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից եւ եղել է միակ գրական մամուլը, որը իր գործունեության առանցքն է հռչակել քաղաքական ռեժիմի դեմ պայքարը։  Նյութական միջոցների բացակայության պատճառով «Գրողուցավ» կայքը դադարեցրեց իր գործունեությունը 2017 թվականի հուլիսին՝ երբեւէ  նյութական աջակցություն չսպասելով ու չստանալով իր քննադատած ռեժիմի պարագլուխներից ու սպասավորներից, ինչպես նաեւ՝ նրանց զավթած պետական համակարգից։

Սակայն իր գոյության վեց տարիների ընթացքում «Գրողուցավ»-ը էականորեն ազդեց գրականության ընթացքի վրա՝  անկախության շրջանի հայ գրականության մեջ լեգիտիմացնելով քաղաքական եւ սոցիալական թեմաներով ստեղծված, քննադատական ուղղվածություն եւ քաղաքական նախասիրություններ ունեցող գրականությունը՝ այն հանելով լուսանցքից։  «Գրողուցավի» շնորհիվ ստեղծվեցին քաղաքական հանեուկի»(Արփի Ոսկանյան) եւ «պաստառ-պատմվածքի» (Համբարձում Համբարձումյան) ժանրերը, հատուկ «Գրողուցավի» համար գրվեցին բազմաթիվ արժեքավոր ստեղծագործություններ։ «Գրողուցավը» նաեւ որոշակիորեն մեկտեղել ու հասունացրել  է այն գաղափարներն ու ստեղծարար լիցքերը, որոնք դրվեցին թավշյա, ոչ բռնի հեղափոխության հիմքում։ Հեղափոխությունը «Գրողուցավի»  մրցանակն է։

«Գրողուցավը» հեղափոխությունից հետո

2018 թվականի նոյեմբերին  «Գրողուցավ» գրական կայքը վերստեղծելու, դրա սկզբունքների շուրջ համախմբված գրողների ստեղծագործության համար կենսատարածք ապահովելու եւ «Գրողուցավ»-ի հռչակած գրական սկզբունքները զարգացնելու համար ստեղծվեց «Գրող» հիմնադրամը։ Ցավոք ՀՀ պետական գրանցամատյանը հրաժարվեց իբրեւ կազմակերպություն կամ ապրանքանիշ գրանցել «Գրողուցավ» անունը՝ հղում անելով ՀՀ օրենսդրությանը, որը թույլ չի տալիս անվանակոչել կազմակերպությունները եւ ապրանքանիշերը այնպիսի բառերով, որոնք հակասում են ազգային արժեքներին։  Հնարավոր չեղավ համոզել պետական պաշտոնյաներին, որ գրողուցավ անվանումը այս դեպքում ոչ այնքան իրենց նկատի ունեցած անեծքն է (թեպետ պարզ չէ, թե ինչով է անեծքը հակասում ազգային արժեքներին), որքան գրող եւ ցավ բառերի համադրությունը, որը լավագույնս արտահայտում է «Գրողուցավի» էությունը։

Այժմ «Գրողուցավ» կայքը «Գրող» հիմնադրամի նախագծերից մեկն է։ 2020 թվականի հունվարից այն գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ծրագրեր

«Գրողուցավի» ընթացիկ եւ ավարտված ծրագրերը

Հեղափոխությունց հետո առաջացած՝ քննադատական մտքի ճգնաժամի պայմաններում, երբ խոսքի ազատությունը գտնվում է հանրային ճնշման եւ «օրենսդրական կարգավորումների» սպառնալիքի տակ, երբ խղճի ազատությունը ենթարկվում է հավատաքննության, երբ քննադատական միտքը մնացել է նախկին իշխանությունների հույսին եւ չի ընկալվում հանրության կողմից իբրեւ անկողմնակալ ու վստահության արժանի, «Գրողուցավը» գիտակցում է իր պատասխանատվությունը քննադատության դիսկուրսը զարգացնելու ուղղությամբ։ «Գրողուցավը» պահպանում է իր քննադատական կեցվածքը՝ ապահովելով հեղափոխության շարունակականությունը։  Մեր հիմնական նպատակը հեղափոխության մշակութային մասի իրականացումն է։

«Գրողուցավի» նպատակներն են․

ա) գրական բարձրարժեք գործերի եւ ժամանակի մասին գրական վկայությունների ստեղծումը

բ) քննադատական մտքի խրախուսումը եւ գրախոսության մշակույթի վերականգնմամբ արվեստի ու գրականության կարեւոր փաստերի արժեւորումն ու հանրահռչակումը

գ) գրականության մեջ նոր ուղիների փնտրտուքը բովանդակության ու ձեւի հարաբերությունների վերանայմամբ, միջդիսցիպլինար հարթակների համադրմամբ, համաշխարհային եւ տեղական մշակութային համատեքստների համադրմամբ

դ) գրականության՝ իրականության վերափոխման հզոր ուժի օգտագործումը նոր իրականություն կերտելու եւ հարաբերությունների նոր մշակույթ ձեւավորելու հարցում կամ այլ կերպ ասած՝ մշակութային հեղափոխությունը։

«Գրղուցավում» ստեղծագործությունների հրապարկումն իրականացվում է հետեւյալ ծրագրերով եւ բաիններով․

«Գիր»

Այս բաժնում հրապարակվում են բանաստեղծություններ, պատմվածքներ, հատվածներ առավել ծավալուն գործերից,թարգմանություններ, ակնարկներ, որոնք անդրադառնում են հրատապ քաղաքական, սոցիալական, մշակութային խնդիրների, վավերագրում ժամանակը եւ կապված են ընթացիկ իրականության հետ։ Գաղափարական եւ ժանրային սահմնափակումներ չկան։

«Գրբաց»

Այս բաժնում հրապարակվում են հոդվածներ, գրախոսություններ, որոնք հավակնում են նոր մեկնաբանություն տալ առկա գրական փաստերին կամ, այլ կերպ ասած, «բացում» են գիրը։ Գրականագիտական լեզվի ստեղծումն ու քննադատական մտքի զարգացումը «Գրողուցավի» առաջնահերթություններից են։

«Քաղաքային ճեպանկար»

Ծրագիրն իրականացվում է  «Urban sketchers» (քաղաքային ճեպանկարիչներ) միջազգային շարժման  հայաստանյան համայնքի օգնությամբ, որը վերջերս միացավ այդ համաշխարհային մեծ ցանցին՝ Հայաստանը դարձնելով ցանցին միացած՝ տարածաշրջանում առաջին (եւ առայժմ միակ) երկիրը։ Համահունչ լինելով «Գրողուցավի» սկզբունքներին եւ միտված լինելով առկա հասարակական խնդիրների վերհանմանն ու լուսաբանմանը՝ «Քաղաքային ճեպանկարիչների»  աշխատանքը հնարավորութուն է տալիս  ոչ միայն մի նոր երեւույթով հարստացնել մեր մշակույթը, այլեւ Հայաստանին ներհատուկ տեղական խնդիրները դիտարկել համաշխարհային համատեքստում։ Ավելի մանրամասն «Urban sketchers» շարժման մասին տես այստեղ։

«Կորոնաֆուտբոլ» (ավարտված է)

2020 թվականի մարտի կեսից՝ Արտակարգ դրության հաբտատումից անմիջապես հետո «Գրողուցավում» մեկնարկեց «Կորոնաֆուտբոլ» թիմային վեպը, որի ստեղծմանը մասնակցեցին տասնութ հեղինակ։ Վեպը կառուցվում էր ֆուտբոլային խաղում ընդունված կանոններով, յուրաքանչյուր տեքստ իրենից «գնդակի փոխանցում» էր ներկայացնում։ Վեպը ամենօրյա ռեժիմով եւ քաղաքական սատիրայի ոճով անդրադառնոմւ էր օրվա իրադարձություններին, ներկան եւ ապագան կապում հեղինակների՝ հաճախ ընդհանուր անցյալի հետ եւ վավերագրում ինքնամեկուսացման ու կարանտինի բավականին բարդ շրջանը։ Ներկայումս «Կորոնաֆուտբոը» պատրաստվում է հրատարակության տպագիր եւ էլեկտրոնային գրքերի տեսքով՝ «Կորոնաֆուտբոլ․ լավագույն փոխանումները, գոլեր ու գոլային պահերը» վերնագրով։ Թեպետ ծրագիրը հիմնականում ավարտված է, սակայն մասնակիցների որոշմամբ միանալ ցանկացողներին տրվել է մի վերջին հնարավորույուն․ նրանք կարող են իրենց տեքստերը հրապարակել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ #կորոնաֆուտբոլ եւ #գրողուցավ հեշթգներով, ինչպես նաեւ կիսվել Գրողուցավի ֆեյսբուքյան էջի պատին։ Լավագույն տեքստերը կներառվեն հրատարակվելիք գրքի մեջ։

Թարգմանություն

«Գրողուցավի» համար թարգմանության տեսանկյունից հետաքրքրքի են այն գրողներն ու գրական կայքեր/ամսագրեր/հանդեսներ/համայնքները, որոնք գաղափարական առումով մոտ են «Գրողուցավին»։ Մենք կարեւորում ենք նաեւ ժամանակակից մտածողների տեքստերը գրականության, մշակույթի, հասարակության վերաբերյալ (Հեղինակների ընտրությունը նախապես քննարկել խմբագրի հետ)։ «Գրողուցավը» նաեւ ընդունում է առաջարկներ եւ համագործակցության է հրավիրում թարգմանիչներին։

«Գրողուցավ» փոդքասթ

Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի մեկից, կփորձի ներկայացնել հայ դասական եւ ժամանակակից գրականությունը նոր տեսանկյունից։

«Գրողուցավի» ծրագրերը իրականություն են դառնում մասամբ ՀՀ ԿԳՍՄ նախարարության դրամաշնորհի շնորհիվ, սակայն դրամաշնորհը ցավոք ի վիճակի չէ ծածկելու բոլոր ծրագրերի ծախսերը։ Մենք սիրում ենք մեր հեղինակներին, եւ դրա համար հորդորում ենք նրանց ավելորդ հիասթափություններից խուսափելու համար հոնորարի առկայությունը, չափն ու վճարման ժամկետները ճշտել նախապես։

Դուք նաեւ կարող եք օժանդակել մեր ծրագրերի իրականացմանը՝ «Գրող» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելով ձեր դրամական նվիրատվությունը՝ վստահ լինելով, որ ամեն մի լուման ծախսվելու է նպատակային։

«Գրող» հիմնադրամի հաշվեհամարն է՝  2050422319721001 (Ինեկոբանկ)։